ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
15.08.2022 | 07:24

...Ու պիտի թողնեինք ծննդավայրս:
Չեմ հիշում, ու զարմանում եմ, որ չեմ հիշում, թե ինչպիսին է եղել ամառային այն առավոտը, երբ մենք լքել ենք մեր տունը:
Երևի լքված տները տխուր, շա՜տ տխուր են լինում:
Ո՞վ գիտե՝ քանի՞ սերնդի շունչ է խաղացել նրանց հարկի տակ, նրանց քարե պատերի մեջ:
Հին, շատ հին է եղել մեր տունը:


Նկատե՞լ եք, թե հնանալուց ինչպե՜ս են գեղեցկանում քարե պատերը:
Մեր տան քարե պատերը երեւի շատ են գեղեցիկ եղել: Դարերի հոտ ու շունչ է եկել քարերի արանքից:
Տխուր ու գեղեցիկ է եղել մեր տունը:
Տխուր, գեղեցիկ ու կապույտ-կապույտ է եղել իմ ծննդավայրը, որ պիտի թողնեինք...
Ո՛չ, բանաստեղծական, սիմվոլիստական կապույտ չէ սա, այլ իրական կապույտ:
Տանիքների կապույտ կավի մասին պատմեցի արդեն: Ասացի, որ լեռներից են բերելիս եղել այդ կավը: Ասացի նաև, որ Արաբկիրն ու Ակնը` Մեծարենցի ծննդավայրը, շատ մոտ են եղել իրար:
Մեծարենցի բանաստեղծություններից մեկում այսպիսի տող կա.
Կը փողփողին լաջուարթ գույներ ճամփան ի վեր
Կապույտ Դարին...
Հավանաբար հենց այդ Կապույտ Դարից են արաբկիրցիները պեղել կապույտ կավն ու դրանով ծածկել իրենց տանիքները:


Կապույտը...
Բայց միայն տանիքները չէ, որ կապույտ են եղել:
– Ձեր պարտեզին յասամանները նշանավոր էին Արաբկիրի մեջ,-պատմում էր ինձ մի տարեց արաբկիրցի.-երբ գարուն կուգար, ձեր պարտեզը ոտքեն գլուխ կապույտ կկտրեր: Յասամանը ձեր պարտեզին պատերն ի վար կթափվեր: Հիշիմը, Երմոնյա տատիկդ դուռը կայնած անցող-դարձողին փունջ-փունջ յասաման կու բաժներ...
Եվ հավանաբար, երբ շարժվել է մեր քարավանը, ու հավանաբար, երբ բնազդաբար մի վերջին անգամ շրջվել եմ նայելու իմ ծննդավայրին, այդ կապույտներն են մնացել կոպերիս տակ...
Ու հետո, Նոր Արաբկիրում, որ իմ մանկության տարիներին դեռ անջուր էր և այդ պատճառով գորշ, սկսել եմ բանաստեղծություններ գրել, այն հեռավոր կապույտները եկել ու տանտիրոջ իրավունքով մտել են իմ առաջին տողերի մեջ... Հիշում եմ, երբ տասներորդ դասարանն ավարտեցի ու այդ առիթով բանաստեղծություն գրեցի, մեջն այսպիսի տողեր կային.
Ու հիմա կապույտ-կապույտ տխրությամբ
Քեզ հրաժեշտ եմ տալիս, իմ դպրոց...


Չէ, շատ-շատ էր կապույտն իմ պատանեկան բանաստեղծությունների մեջ, այնքան, որ երբ Կարմիր բանակում էի ծառայում, Գևորգ Էմինն իր առաջին գիրքն ինձ այսպիսի մակագրությամբ էր ուղարկել. «Կապույտ բանաստեղծին և կարմիր բանակայինին»... Կապույտը` կապույտ էի, բայց թե ինչքան էի կարմիր` չգիտեմ...
Հետո՝ հասուն տարիքում էլ կապույտը անպակաս եղավ իմ տողերից, ու դրա երեսից շատ թուքումուր կերա քննադատներից` է՛լ սիմվոլիզմի ազդեցություն (ժամանակին համարյա մահացու մեղք էր դա), է՛լ վերացականություն (ոչ պակաս մահացու մեղք էր նաև սա), է՛լ անկումայնություն (իսկ սա արդեն մահացու էր ու մահացու)...


Բայց ի՞նչ կարող էի անել: Ո՞վ է ասել. մենք ամենքս մեր մանկությունից ենք գալիս: Դե, ես էլ իմ մանկությունից այդ կապույտն էի բերել... Չբերեի՞... թողնեի այնտե՞ղ...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (հատված «Անխորագիր» վիպակից)

Դիտվել է՝ 7952

Մեկնաբանություններ